AM
20 May 2011 - 04:30 AMT

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը ճանապարհների կառուցման վարկային համաձայնագիր են կնքել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը մայիսի 19-ին վարկային պայմանագրի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել քաղաքային ենթակառույցների և կայուն քաղաքային զարգացման ծրագրի վերաբերյալ:

Բազմափուլ ֆինանսավորմամբ ծրագրի առաջին մասնաբաժինը` 60 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, հատկացվելու է Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհների կառուցման համար:

Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առաջիկա երեք տարում կառուցել 5.6 կմ ճանապարհ, 3 էստակադա, Հրազդան գետի վրայով 140 մ երկարությամբ կամուրջ և տարբեր անցուղիներ, ուղետարներ ու հենապատեր: Շրջանցիկ ճանապարհներ կկառուցվեն Արտաշատի մայրուղին Շիրակի փողոցին միացնող հատվածում` շրջանցելով Նորագավիթը: Նոր ճանապարհ կկառուցվի նաև Շիրակի փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածում:

Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Մեթյու Վեսթֆոլլը և Երևանի քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը շեշտել են, որ համատեղ այս ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն կունենա Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի կարգավորման հարցում: «Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը երկարատև է` մոտ 20 տարի, և սա Երևանում անկախության տարիներից ի վեր նախատեսվող ամենախոշոր ներդրումային ծրագիրն է տրանսպորտի ոլորտում»,- նշել է Աշոտ Մնացականյանը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: