AM
20 Մայիս 2011 - 04:56 AMT

Պոետ Մերուժանը պնդում է, որ իրականում Անդրանիկ Մարգարյանին սպանել են

ԽՍՀՄ օրոք իր քաղաքական հայացքների համար 15 տարի բանտերում անցկացրած պոետ Մերուժանը, որ նաև հանգուցյալ վարչապետ Ա. Մարգարյանի մերձավորներից էր, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, թե Մարգարյանն իր բնական մահով չի մահացել:

Ըստ բանաստեղծի, Անդրանիկ Մարգարյանն իր հետ ունեցած զրույցներում ասել է, որ իրեն սպանելու են: «Ինչ ճանապարհով, ինչպես տեղի ունեցավ նրա վախճանը, չեմ կարող ասել, բայց գիտեմ մի բան, որ ինքը սպասում էր այդ օրվան»,- պոետի բառերը փոխանցում է թերթը:

Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը վախճանվել է 2007 թվականի մարտի 25-ին սրտի կաթվածի արդյունքում:

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951 թ. հունիսի 12-ին Երեւանում: Նա իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ.-ից հանդես է եկել խորհրդային համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից: 1998 թ.-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է եղել, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ: 1992 թ. անդամակցել է ՀՀԿ-ին: 2000թ նշանակվել է ՀՀ վարչապետ՝ ստանձնելով կառավարության գործունեության համար պատասխանատվությունը: