Խոսքի ազատության կոմիտեն 2011 թ.-ի փետրվար-ապրլ ամիսներին իրականացրել է Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ`դրանց տեղեկատվական թափանցիկության մակարդակը գնահատելու նպատակով: Այսօր Երևանում մամլո-ասուլիսի ընթացքում ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ ծրագրի շրջանականերում ուսումնասիրվել է պետական մարմինների 39 կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբում ներառած են ՀՀ նախարարությունների և կառավարության առընթեր մարմինների 24 կայքեր, երկրորդում` երկրի 10 մարզերի պաշտոնական կայքերը, իսկ երորրդում`ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ դատախազության պաշտոնական կայքերը:
«2011 թ. ապրիլի դրությամբ ՀՀ նախարարությունների և կառավարության առընթեր մարմինների կայքերի խմբում տեղեկատվության թափանցիկության վարկանշային աղյուսակի առաջին տեղում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը, երկրորդ տեղում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, երորրդում` Գյուղատնտեսության նախարարությունը: Այս աղյուսակում ընդգրկված չէ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ այն իր էությամբ փակ կառույց է, հետևաբար այդ կառույքի կայքը համեմատելի չէ մնացած պետական մարմինների կայքերի հետ. Աղուսյակում չկա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քանի որ, ցավոք, այն կայք չունի»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Երկրորդ խմբի կայքերում տեղեկատվության թափանցիկության վարկանշային աղյուսակի առաջատարը Արմավիր մարզպետարանի կայքէջն է: Դրան հետևում է Սյունիքի և Արագածոտնի մարզպետարանների կայքէջերը: Աղյուսակը եզրափակում են Գեղարքունիքի և Արարատի մարզպետարանների կայքերը, որոնք պարզապես չեն բացվում:
Երրորդ խմբում առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջը (56%) : “Այս խմբի համար վարկանշային աղյուսակ չի կազմվել: Տեղեկատվության թափանցիկության գործակցով ՀՀ նախագահի կայքը հավաքել է 33.3%, ՀՀ ԱԺ կայքէջը 48%, ՀՀ կառավարության կայքէջը 42%, սահմանադրական դատարանը 43%: ՀՀ գլխավոր դատախազության կայքէջը միակն է, որն անցել է 50%-ի շեմը: Բայց սա չի նշանակում, որ կատարելագործման տեղ չկա”,- նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Նա հավելեց, որ կայքէջերի գնահատման չափորոշիչներ են դարձել տեղեկությունների քանակական և որակական բնութագրիչները` պահանջված տեղեկատվության առկայությունը/բացակայությունը, տեղեկատվության ամբողջականությունը, հրատապությունը, մատչելիությունը: