AM
20 May 2011 - 10:38 AMT

Հովիկ Աբրահամյան: Անվտանգ երթեւեկությանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել

“Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով Արցախի փողոցում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում”,- այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես նշել է ՀՀ ԱԺ խոսնակը, անվտանգ երթեւեկությունը եւ պատշաճ մակարդակի հասարակական տրանսպորտը կարեւոր խնդիրներ են, որոնց պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել:

“Ես տեղյակ եմ, որ Երեւանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է հասարակական տրանսպորտի ոլորտը եւ կարծում եմ, որ դրական արդյունքները առաջիկայում տեսանելի կլինեն: Բայց, միաժամանակ, փոփոխություն է պետք այս ամենին առնչվող բոլոր մարդկանց հոգեբանության մեջ` ուղեւորից մինչեւ վարորդ, երթուղին շահագործողից մինչեւ երթեւեկությունը վերահսկող, ավելի շատ սրտացավություն եւ պատասխանատվություն: Պատրաստ եմ քննարկել այս խնդիրների լուծմանն օրենսդրորեն աջակցելու ողջամիտ առաջարկները եւ աջակցել դրանց իրագործմանը”,- նշել է Աբրահամյանը: