Մայիսի 20-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Հայաստանի Կարմիր գրքի երկլեզու երկհատորյակի շնորհանդեսը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, գիտական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների անդամներ:
Երկհատորյակում ընդգրկվել են բույսերի 452, սնկերի 40 և կենդանիների 308 տեսակ, որից 153-ը ողնաշարավոր են, իսկ մյուս 155-ը` անողնաշարավոր: Այս գիրքը հայկական մյուս Կարմիր գրքերից տարբերվում է նրանով, որ այն ունի իրավական կարգավիճակ, իսկ մյուսները` ոչ: Շնորհանդեսի ժամանակ ելույթ են ունեցել գրքի վրա աշխատած գիտնականները: Իր հերթին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհավորելով բոլորին գրքի հրատարակման կապակցությամբ, ցանկություն հայտնեց, որպեսզի այդ գիրքը գնալով բարակի:
Շնորհանդեսի ընթացքում վարչապետի «Ոսկե մեդալով» պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Գագիկ Սարկիսովը և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: ՀՀ բնապահպանության նախարարության «Ոսկե մեդալի» արժանացան Կարմիր գրքի գիտական խմբի ղեկավար Մարկ Քալաշյանը, ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ Էլեոնորա Գաբրիելյանը:
Հայաստանի Կարմիր գրքի հրատարակման որոշումը կայացել է 2010 թ-ի հունվարի 29-ին, գիրքը կազմվել է 2007-2009թթ ժամանակահատվածում կատարած դաշտային ուսումնասիրությունների հիման վրա: Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: