AM
20 May 2011 - 15:04 AMT

Երևանում տեղի ունեցավ «Հայոց Ցեղասպանությունը – հայացք ներսից» թեմայով փակ քննարկումը

Մայիսի 20-ին ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած «Հայոց Ցեղասպանությունը – հայացք ներսից» թեմայով փակ քննարկում: Քննարկման մասնակցում էին պատմաբաններ, միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետներ, փիլիսոփայության մասնագետներ, արվեստագետներ, հանձնառու մտավորականներ և հասարակական ակտիվիստներ:

Տեսակետների ազատ ներկայացման ձևաչափով քննարկման ընթացքում հարցը արծարծվեց ամենալայն կտրվածքով. պատմության ընթացքում կազմավորված հայի հոգեկերտվածքից, դրա կրած փոփոխություններից և պատմական զարգացումների վրա ներգործությունից մինչև հայ մարդու համար Մեծ Եղեռն ու Ցեղասպանություն հասկացողությունների ներըմբռնում, Ցեղասպանությանը նպաստած հայկական արևելումներից և քաղաքական դիրքորոշումներից մինչև նոր ժամանակներում Հայ Դատի հետապնդման ռազմավարություն, մարտավարություն ու թիրախների ընտրություն, Ցեղասպանության առարկայական պատճառներից մինչև 1915թ և 1918-1920թթ ու ներկա ժամանակների համեմատություն և այլն:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նախատեսում է ապագայում կազմակերպել թեմայի շուրջ գիտական խորհրդաժողով: Օրվա քննարկման փակ բնույթ կրելու փաստը պայմանավորվում է ապագա խորհրդաժողովը բովանդակային առումով պատշաճորեն նախապատրաստելու հանգամանքով: Մինչև խորհրդաժողով կկայացվի ևս մեկ փակ քննարկում: