Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում և խրոնիկ դարձած աղբատեղիներում, 12 վարչական շրջանների սանիտարական մաքրման բոլոր ընկերությունների մեքենասարքավորումների, աշխատուժի և աշխատանքային գործիքների ներգրավմամբ` մինչև 2011թ. մայիսի առաջին տասնօրյակը ներառյալ, իրականացվել են սանմաքրման և աղբահանության աշխատանքներ, որոնց ակտիվորեն մասնակցել են նաև համատիրությունները:
Մաքրվել և պատշաճ տեսքի է բերվել ընդհանուր թվով շուրջ 615 բակային տարածք և խրոնիկ դարձած 10 աղբատեղի: Աղբավայրեր է տեղափոխվել ավելի քան 930 խմ կենցաղային և շինարարական աղբ։ Ընդ որում, միայն խրոնիկ աղբատեղիներից շուրջ 265 խմ աղբ է տեղափոխվել:
Նույն ժամանակահատվածում Երևանում իրականացված ծառատունկի աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ընդհանուր առմամբ 29800 ծառ, որից 9500-ը` մշտադալար, իսկ մնացածը` տերևավոր: Ծառատնկման աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոռոգելի հատվածներում, հաղորդում է Քաղաքապետարանի մամլո-ծառայությունը: