Ադրբեջանահայ փախստականները խորապես ցավում են, որ Հայաստան այցելացած միջազգային կառույցի ներկայացուցիչները չեն հանդիպել իրենց հետ: Այդ մասին ասվում է Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչների համագումարի նախագահությունը հայտարարության մեջ` ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեշի հայաստանյան այցելության կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ներկայացուցիչների համագումարը Հայաստանում աշխատում է ավելի քան երկու ամիս: Համագումարը խնդիր է դրել մեկ քաղաքական միության մեջ միավորել Ադրբեջանում և Նախիջևանում խտրականության բոլոր զոհերին: Ադրբեջանական ԽՍՀ հայերի միությունը մտադիր է ինքնուրույն պայքարել մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային բոլոր խախտված իրավունքների համար: Մենք խորապես ցավում ենք, որ ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարը ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետևանքները լիովին վերացնել:
Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ ստեղծելու մեջ: Մենք խորապես ցավում ենք, որ դարեր շարունակ մեր նախնիների ապրած տարածքներում գտնվող մեր տներն արժանապատվորեն ու անվտանգ վերադառնելու մեր անառարկելի իրավունքը Հայաստանի կողմից պատշաճ արձագանք չի ստանում: Մենք վճռականորեն բողոքում ենք հիշյալ տարածքներում խտրականության, բռնագաղթի և էթնիկական մաքրումների իրականացված քաղաքականության հետևանքներն ամրագրող բոլոր միջոցների իրագործումների դեմ:
Մենք խորապես անհանգստացած ենք այն փաստով, որ հակամարտության կարգավորման պատասխանատու պետական և միջազգային որևէ կառույց մինչև այսօր պատշաճ ուշադրություն չի դարձնում ժողորվրդագարական կառուցվածքը և դարեր շարունակ հայերի կենսապահովման տարածքների կարգավիճակը փոխած խտրականության հետևանքների վերացմանը: Այս հետևողական քաղաքականությունը մեզ հարկադրում է միավորվել և միջազգայնորեն ընդունված իրավունքի հնարավորությունների շրջանակներում ինքնուրույն պայքարել մեր շահերի համար:
Մենք խորապես համոզված ենք, որ մարդու իրավունքի սկզբունքները բազմակողմանի ու անվերապահ հարգելող սկզբունքները չպահպանելով հնարավոր չէ վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը և ամուր խաղաղություն հաստատել ժողովուրդների մեջ: Ուստի մենք հույս ունենք, որ սույն հայտարարությունը կխթանի ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարին միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի ներկայացուցիչների Միության հետ շարունակական երկխոսություն հաստատելու»:






