«Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող հայ կինոգործիչների անվանական աստղերը կտեղադրվեն մինչև փառատոնի սկիզբը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակի աշխատակիցը:
«Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող անվանական աստղերը բացվել են 2010թ. հուլիսի 12-ին: Առաջին աստղերը պատկանում են հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին ու Անրի Վերնոյին: Մարտի 10-13-ը Ռուբեն Մամուլյանի ու Անրի Վերնոյի անվանական աստղերի արույրե ճառագայթները գողացվել են անհայտ անձանց կողմից: Մինչ այդ կազմակերպիչները հանել էին Սերգեյ Փարաջանովի ու Համո Բեկնազարյանի աստղերը՝ դրանք ամրացնելու նպատակով: Այժմ բոլոր չորս աստղերը հանված են, և տեղը ավազ է լցված: Կինոփառատոնի աշխատակցի խոսքերով բոլոր 4 աստղերը կլինեն այլ մետաղից և ավելի ամուր: