AM
23 Մայիս 2011 - 07:59 AMT

ՀՀ խորհրդարանն այս շաբաթ կքննարկի համաներման մասին առաջարկը

Այսօր մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի քառօրյան: Մայիսի 23-26 նիստերի օրակարգի առաջին բաժնում ընդգրկված է 21 օրենսդրական նախաձեռնություն, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն: Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ընտրակաան օրենսգրքում փոփոխությունների և կից օրենքների փաթեթը կքննարկվի հատուկ ընթացակարգով:

Չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել են նաև 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման եզրակացությունը:

Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ ՀՅԴ խմբակցությունը առաջարկել է ՀՀ կառավարության պատասխանատվության մասին իր հարցապնդման քննարկումը ընդգրկել մայիսի 23-26 նիստերի օրակարգ: Այն կքննարկվի չորեքշաբթի:

Այս քառօրյայում է ընդգրկվել նաև ՀՀ նախագահի կողմից ներկայացված առաջարկությունը համաներում հայտարարելու մասին: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր դռնփակ նիստում այդ առաջարկությանը քննարկել և այս քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուն դրական եզրակացություն էր տվել։