Մայիսի 22-ին, «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության կողմից իրականացվող «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում, իրականացվեցին Վայոց Ձորի մարզի Շատինավանք համալիրի (X դ.) մաքրման աշխատանքները: Շատին գյուղի բնակիչների խոսքերով` դրա վիճակը տարեցտարի վատթարանում է: Երիտասարդները ազատեցին Շատինավանքը կուտակված աղբից, սակայն հուշարձանի պահպանման խնդիրը պետական համապատասխան մարմինների և Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մասնագետների հոգածության կարիքն է զգում:
Նախաձեռնության անդամներից մեկը PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խմբի անդամները զրույց են ունեցել գյուղի բնակիչների հետ, ովքեր հավաստիացրել են, որ վերջին անգամ խորհրդային ժամանակաշրջանում են համապատասխան մարմինները հետաքրքրություն ցուցաբերել վանքի նկատմամբ: Այժմ վանական համալիրի գմեթին բուսականություն է աճում, իսկ անձրևաջրերը հոսում են պատերից ներս:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: «Ճանաչիր քո երկիրը» բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի: