ՀՀ նախագահի առաջարկությունը համաներում հայտարարելու մասին սպասված և արդարացված քայլ է: Այս համաներումը անկախ Հայաստանի պատմության ընթացքում թվով իններորդն է, որն աննախադեպ է իր կիրառմամբ, ազդեցության շրջանակի առումով և ունի թե մարդասիրական, թե քաղաքական նշանակություն: Այս մասին հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով խորհրդարանում համաներման առաջարկի քննարկման ժամանակ: “Համոզված եմ, որ այս համաներումը դրական ազդեցություն կունենա ներքաղաքական դաշտի վրա: Սա կարող է հենք ստեղծել հանրության մեջ լարվածությունը մեղմելու և համագործակցություն հաստատելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, համաներումը մարդասիրության դրսևորում է, դաստիարակչական քայլ:
ԱԺ խոսնակը համոզված է, որ համաներման հայտարարումը ճիշտ ժամանակին իրականացվող և հիմնավորված քայլ է, որով փորձ է արվում վերջնականապես հաղթահարել ներքաղաքական լարվածությունը: Աբրահամյանն ընդգծեց, որ պետք չէ համաներումը շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության:
«Այսօր մեր քվեարկության ժամանակ եկեք խորհենք երկրի նախագահի խոսքերի շուրջ: Մենք իրավունք չունենք ունենալու քաղաքական ուժեր, որոնք միմյանց հանդեպ տածում են բացառիկ ատելություն: Մենք պիտի կարողանանք հավատարիմ մնալ քաղաքակիրթ երկխոսության մշակույթին»,- ասաց ՀՀ ԱԺ խոսնակը:






