AM
25 Մայիս 2011 - 10:08 AMT

ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրեց համաներմամբ պատժից ազատման դեպքերը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ներկայացնելով խորհրդարնում ՀՀ նախագահի առաջարկությունը համաներում հայտարարելու մասին, ներկայացրեց պատժից ազատման նախատեսված դեպքերը:

1. Համաներման առաջարկությամբ նախատեսվում է պատժիզ ազատել. ա) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապրտված անձանց, բ) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է գ) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

2. Պատժից ազատել նաև առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված. ա) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, բ) 60 տարին լրացած անձանց, գ) հանցագործության մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել դ) սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, ե) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, բռնադատվածները

3. Պատժից ազատել առավելագույնը ինը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված այն անձանց, որոնք սույն համաներումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը

4. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2011 թվականի մայիսի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննական մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը

Առաջարկությամբ նախատեսվում է համաներում չկիրառել սույն որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ և այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ վերջին տասը տարվա ընթացքում նշանակաված պատժաչափը կրճատվել է ՀՀ նախագահի ներում շնորհելու մասին հրամանգրերի կամ ՀՀ ԱԺ համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը չի հարուցվել կամ չի իրականացվել ՀՀ ԱԺ համաներում հայտարարելու մասին որոշումների հիման վրա, այն անձանց նկատմամբ, որոնք քրեակատարողական հիմնարկում սույն որոշման կիրառման օրվա դրությամբ կատարել են դիտավորյալ հանցագործություն, մինչև սոյն որոշման ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, որոնք մինչև 2011 հուլիսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում, այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը և այլ:

Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, համաներմամբ նախատեսվում է 396 անձանց պատժից ազատում, և 379 անձանց մասնակիորեն պատժից ազատում: