Մայիսի 25-ին Նալբանդյան 103/1 շենքի մոտ գտնվող շինհրապարակին հարող հողակտորում բացվել է «Չուբար» քանդակների այգին: Չուբարյաններին պատկանող սեփական հողատարածքում ցուցադրվում են քանդակագործի բացառիկ քանդակները, որոնք գրեթե հայտնի չեն հասարակությանը: Ցուցադրության կազմակերպիչներն են Չուբարյանների ընտանիքը, իրավապաշտպան կազմակերպությունների և բնապահպանական ու քաղաքացիական ՀԿ-ների ներկայացուցիչները, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը:
Երևանի Նալբանդյան 106 հասցեում, անհայտ անձիք մայիսի 24-ին սպառնացել էին, որ ամենաուշը մինչև հաջորդ օրը առավոտյան ժամը 9:00-ին քանդելու են նկարչի արվեստանոցը: Չուբարյանների ընտանիքին նախապես չէր զգուշավցել իրենց սեփական տարածք մտնելու և քանդման աշխատանքների մասին:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, որը հետևում է նշված շենքի բակի շինարարությանը, PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առավոտյան Քաղաքաշինության վերահսկողության վարչությունից անհայտ անձինք են հայտնվել, և ասել, որ ունեն տարածքը քանդելու իրավունք, սակայն Սաֆարյանը նրանցից պահանջել է օտարման պայմանագիր, որը նրանք չեն ներկայացրել:
Ներկա պահին բնակիչները բողոքում են ՆԳՆ-ին պատկանող մանկապարտեզի քանդման, ինչպես նաև ծառահատման դեմ: Բնակիչների հավաստմամբ, շուրջ 9.000 քառակուսի մետր ցանկապատված տարածքում արդեն բազմաթիվ ծառեր են հատվել, ինչպես նաև մեծ քանակությամբ խաղողի վազեր: Քանդակագործի այգին չի մտնում վերը նշված տարածքի մեջ, սակայն քանդման վտանգի տակ է: Քանդակագործի դուստրը` նկարչուհի Անուշ Չուբարյանը բազմաթիվ անգամ դիմել է տարբեր հաստատություններին, որպեսզի թույլատրեն իր տան մերձակա տարածքում թանգարան բացել, սակայն նրան մերժել են: