Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է , որ 2011 թ-ի 4 ամիսների ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել 574 ճանապարհային պատահար, որի արդյունքում զոհվել է 60 և մարմնական վնասվածք ստացել 832 մարդ:
«2010 թվականի հետ համեմատությումբ պատահարների թիվն աճել է 74-ով, զոհերի թիվը պակասել է 12-ով , և վիրավորների թիվը աճել է 138-ով: Մենք մեր առջև խնդիր էինք դրել զոհերի թիվը պակասեցնել և, կարելի է ասել, դա մեզ հաջողվել է: առաջիկայում ևս փորձելու ենք լուծել այս նույն խնդիրը» ,- ասաց Սարգսյանը:
Պատահարների թվի աճը, ըստ Սարգսյանի, պայմանավորված է նրանով, որ մեքենաների պարտադիր ապահովագրության օրենքի կիրառումից հետո քաղաքացիներ սկսել են ամենափոքրիկ վթարներն անգամ գրանցել, մինչդեռ նախկինում դրանք դուրս էին մնում ճանապարհային ոստիկանության տեսադաշտից:
«Մինչև տարվա վերջ նախատեսել ենք Երևանի 15 տեղամասերում տեղադրել արագաչափ սարքեր և 10 բանուկ խաչմերուկներում` տեսահանող սարքեր: Մրցույթն արդեն կայացել է և շահող կազմակերպությունն արդեն զբաղվում է աշխատանքներով: 7 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր ճանապարհներում կտեղադրվեն անհրաժեշտ սարքավորումներ» , – ավելացրեց ճանապարհապարեկային ծառայության պետը: