AM
26 May 2011 - 10:38 AMT

2011 թվականին հետիոտների նկատմամբ ճանապարհային ոստիկանությունը կազմել է 3189 արձանագրություն

2011-ին Հայաստանում տեղի ունեցած 574 ճանապարհային պատահարներից 227-ը կատարվել են վարորդների կողմից սահմանված արագության գերազանցման արդյունքում: Վթարներից 193-ը տեղի է ունեցել հետիոտների նկատմամբ, սակայն, ինչպես վստահեցնում է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը, նմանատիպ վթարների թիվը հանրապետությունում պակասել է:

«Իրենց մեղավորություններն ունեն և վարորդները և հետիոտները, բայց հիմնակաում խախտումն անում են հետիոտները: 2011թ 4 ամիսների ընթացքում հետիոտների նկատմամբ ճանապարհային ոստիկանությունը կազմել է 3189 արձանագրություն», – նշեց Սարգսյանը:

Ըստ ճանապարհապարեկային ծառայության պետի, կին վարորդներն ավելի քիչ խախտումներ են թույլ տվել: Նա նաև անդրադարձավ վարորդական իրավունք ստանալու նոր կանոններին և ընդգծեց, որ ներկայումս քաղաքացին ինքնուրույն կարող է ուսումնասիրել կանոնները, բայց բարդացել է տեսական քննություն հանձնելու կարգը. «Տեսական հարցերից 10-ից 9-ին ճիշտ պատասխանելու դեպքում է միայն տրվում դրական գնահատական: Առողջապահության նախարարությունը ճանապարհային ոստիկանությանը տրամադրում է այն անձանց ցուցակը, որոնք դիսպանսերում հաշվառման մեջ են»: