AM
26 May 2011 - 11:31 AMT

Այս տարի Հայաստանում առաջին անգամ դպրոցները շրջանավարտներ չեն ունեցել

Մայիսի 26-ին Հայաստանի դպրոցներում անցկացվեցին վերջին դասերը: Սակայն, ի տարբերություն այլ տարիների, այս տարի առաջին անգամ Հայաստանի 1400-ից ավելի հանրակրթական դպրոցներում չհնչեց վերջին զանգը: 2001 թվականին Հայաստանը անցավ 12-ամյա հանրակրթական համակարգի, ինչի պատճառով այս տարի դպրոցները շրջանավարտներ չեն ունեցել:

Այս հանգամանքն իր հերթին բարենպաստ պայմաններ է ստեղծում այս տարվա դիմորդների համար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գնահատման և Թեսթավորման կենտրոնի մամուլի խոսնակը Գայանե Մանուկյանը, այս տարի միասնական ընդունելության քննությունների առաջին փուլին կմասնակցի 1209 դիմորդ: “Երկրորդ փուլին սովորաբար մասնակցում են բանակից զորացրվածները, արտերկրի մեր հայրենակիցները, առաջին փուլով չհայտագրվածները և արտերկրում բնակվող մեր այն հայրենակիցները, ովքեր այս տարի են ավարտում ուսումնական հաստատությունը”,- ասաց Մանուկյանը:

Ինչպես ասաց ԳԹԿ մամլո խոսնակը, Կենտրոնը կանխատեսում էր այս տարվա դիմորդների թիվը և այս առումով որևէ արտասովոր բան չնկատվեց: “Թե վճարովի, թե անվճար տեղերի քանակը նույն է մնացել: Դրական շեմի հաղթահարման միավորն էլ է նույնը` 7.5-8: Իհարկե, դիմորդների մրցակցությունն այս տարի միանաշանակ մեղմ կլինի, քանի որ բուհերում հատկացված տեղերը ավելի շատ են, քան դիմոդների թիվը”,- նշեց Գայանե Մանուկյանը:

Այս տարվա նորմուծություններից է նաև այն, որ դիմում-հայտում դիմորդները կարող են 2 մասնագիտություն ավել գրանցել `2 անվճար , 8 վճարովի տեղերի համար: Ընդունելության քննությունները կմեկնարկեն հունիս մեկին: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսաց լեզու առարկաներից: