Հունիսի 3-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունենալու Գեորգի Յակուլովի (1884-1928) «Գույնզգույն արեգակների աշխարհը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու են գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները և թատերական ձևավորումները, ընդhանուր թվով 80 աշխատանք: Ցուցահանդեսի առթիվ տպագրվել է մենագրություն և ալբոմ:
Նկարիչ-նորարար Գ. Յակուլովը ռուսական և հայկական բեմանկարչությունում կոնստրուկտիվիզմի հիմնադիրն է: Նա նաև ռուսական ավանգարդի առաջինև վառ ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է Թիֆլիսում, 1893 թվականից ապրել, սովորել և ստեղծագործել է Մոսկվայում: Սովորել է Լազարյան ճեմարանում, ապա Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Ավելի քան 40 հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է: Ձևավորել է 23 բեմադրություն Մոսկվայում, Մինսկում, Փարիզում և այլն: Մահացել է Երևանում:






