AM
28 Մայիս 2011 - 08:40 AMT

Շավարշ Քոչարյան. Բաքուն հայտնվել է խուճապի մեջ

Ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան խառնվել է իր իսկ կեղծիքի մեջ: Ըստ էության Ադրբեջանը, Բաքուն հայտնվել է խուճապի մեջ, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի արձագանքը Դովիլում ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը: Ըստ փոխնախարարի, Ադրբեջանը խուճապի մեջ է, որովհետեւ նույն հայտարարության կարեւորագույն հատվածներից մեկը կայանում է նրանում, որ կրկին եւ շատ ավելի խիստ նշվում է հետեւյալը, որ ներկա իրավիճակը հետեւանք է այն ուժի կիրառման, որը ժամանակին եղել է եւ կրկին նոր ուժի կիրառումը կհանգեցնի նոր տառապանքների, նոր զրկանքների եւ միջազգային հանրությունը դա չի հանդուրժի: Դա նշանակում է, որ այդ երկրները դա չեն հանդուրժի:

«Ակնհայտ է, որ սա ակնարկ է Ադրբեջանի հասցեին, որը ուժի կիրառումով փորձում էր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, փորձում էր ռազմական ագրեսիայով, էթնիկական զտումներով լուծել այդ հարցը եւ այսօր դեռեւս շարունակում է սուր ճոճել: Ինչ վերաբերվում է Բաքվի՝ տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, այո, տեսեք ինչ հետաքրքիր պատասխան է: Առաջինը՝ կրկին փորձեց սպառնալիքներ, անհույս, հուսահատ սպառնալիքներ տեղալ՝ դա անում է իրենց փոխվարչապետը: Ուրեմն ի՞նչ է նա պատասխանում այս՝ եռանախագահների շատ հստակ հասցեագրված հայտարարությանը: «Մենք այսօր էլ կարող ենք պատերազմ սկսել եւ ոչ ոք իրավունք չունի խառնվելու այդ գործին»: Դա պատասխան է երեք նախագահների հայտարարությանը»,-ասել է փոխնախարարը:

«Հաջորդը՝ փորձում է արտգործնախարարությունը՝ նորից կտրված իրավիճակից ներկայացնելով ինչ-որ մի այլ բան: Հայկական ուժեր են դուրս գալիս, ինչ-որ համայնքներ են վերադառնում եւ այլն եւ այլն: Գիտեք այդ պահվածքը նմանեցնում է խլահավի՝ ռուսերեն` глухарь, վարքագծին: Այդ թռչունը, երբ երգում է, նա չի լսում ոչ մեկին: Իսկ Ադրբեջանը անընդհատ ձանձրալի երգում է նույն երգը եւ հետեւաբար ոչինչ չի լսում: Գիտեք ես հիշեցնեմ, որ այդ վարքագծից՝ խլահավի, շատ լավ օգտվում են որսորդները: Ադրբեջանի համար ժամանակն է եկել, որ ինքը իջնի իրական դաշտ, չխեղաթյուրի այն ինչ տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ, եթե դրան տեղյակ չէ հանրությունը նա դեռ կարող է առաջին հերթին մոլորության մեջ գցել սեփական ժողովրդին, ապա այն, ինչ որ սեւով սպիտակի վրա գրված է այս վերջին հայտարարություններում համանախագահների այնքան ակնհայտ է: Իրենք շարունակում են խեղաթյուրել»,-ասել է Շավարշ Քոչարյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: