AM
28 Մայիս 2011 - 08:41 AMT

Շավարշ Քոչարյան. Հայկական կողմերն ընդունում են Դովիլի փաստաթղթի մոտեցումները

Բաքվի ամբողջ քաղաքականությունը ուղղված է հենց ստատուս քվոյի պահպանմանը, որովհետեւ խեղաթյուրելով ամեն ինչ, դնելով այնպիսի հարցադրումներ, որոնք հեռու են իրականությունից եւ որոնք անընդունելի են ոչ միայն հայկական կողմերի համար, այլ նաեւ միջնորդների համար, ինքը դրանով ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը: Նման հայտարարություն է արել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում՝ մեկնաբանելով այն, որ եռանախագահներն անընդունելի են համարում ստատուս քվոյի պահպանումը: «Ի դեպ չափազանց կարեւոր է. հայկական կողմերը միանշանակ հայտարարեցին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի շուրթերով եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի շուրթերով, որ լիակատար ընդունում են այն մոտեցումները, որոնք առաջարկվել են այդ փաստաթղթում»,-ասել է Քոչարյանը:

«Մենք այդպիսի հստակ պատասխան Բաքվից չենք ստացել՝ հակառակը՝ մենք ստացել ենք դրա խեղաթյուրումներ: Այդ տեսակետից այն գիծը, որը որդեգրել է Բաքուն, հենց ուղղված է ստատուս քվոյի պահպանմանը եւ այս հայտարարությունը եւս մեկ հնարավորություն է, շանս է Բաքվի համար վերջ դնել այդ իր քաղաքականությանը եւ եթե ինքը ցանկանում է առաջընթաց, այլ ոչ թե ստատուս քվոյի պահպանում, ապա վերջապես հրաժարվի իր այդ նախորդ քարոզչական, կյանքից կտրված ամբողջ այդ քարոզչությունից եւ փորձի իրականում առաջ շարժվել, որպես մենք վերջապես ունենանք Կազանում իրական արդյունք»,-ասել է ԱԳ փոխնախարարը:

Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: