AM
28 Մայիս 2011 - 09:03 AMT

ՀՀ ԱԳ փոխնախարար. Մենք փաստերով ենք խոսում, Բաքուն խոսում է վիրավորանքներով

Բաքուն կանգնած է կեղծիքի մեջ թաղված, անդունդի եզրին: Ժամանակն է սթափվելու, ժամանակն է իրատեսական լինելու: Ժամանակն է ոչ թե խեղաթյուրելու ամեն ինչ՝ պատմությունը հակամարտության, փորձել իր իսկ պատասխանատվությունը հետեւանքների համար գցել հայկական կողմերի վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Դովիլյան հայտարարությունը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը օկուպացված տարածքներ չունի՞: Հենց Ադրբեջանի կողմից: Իհարկե ունի: Բայց նա շատ հստակ վճռական է եւ հասկանում է, որ վերջ ի վերջո կարողանալու է իր վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ վերականգնել: Եվ ոչ թե լացուկոծ անելով, այլ ցանկալի է, որ հենց բանակցությունների շնորհիվ: Այդ տեսակետից հեռանկարը երեւի կերեւա նաեւ մայիսի 28-ին: Որովհետեւ այդ իրարամերժ հայտարարությունները, որոնց մասին ասում էինք, ընդամենը նախապատրաստական էին արդեն Ադրբեջանի նախագահի ելույթի համար: Տեսնենք նա ինչ կհայտարարի: Հենց իրենց անկախության օրվա ժամանակ: Եթե դա լինի նույն կեղծիքները, նույն մեղադրանքները, նույն, որը բնորոշ է Բաքվին, նույնիսկ անձնական վիրավորանքները», ասել է Շավարշ Քոչարյանը:

«Երբ չկան փաստարկներ, դիմում են անձնական վիրավորանքների: Դա մեր ոճը չէ: Մենք փաստերով ենք խոսում, միջազգային հանրությունը փաստերով է խոսում, Բաքուն խոսում է վիրավորանքներով: Այն պարագայում, երբ որ ինքը սկսի խոսել փաստերով, այն պարագայում, երբ որ ինքը միակողմանի մոլորության մեջ չգցի առաջին հերթին սեփական ժողովրդին, մենք կարող ենք ակնկալել, որ հնարավոր է առաջընթաց: Իսկ առաջընթացը դա մեկ օրվա խնդիր չէ, մեկ ամսվա խնդիր չէ, պետք է կամք դրսեւորել, լինի այն կարեւորագույն քայլը Կազանում, որից հետո էլ կողմերի համար, երեք կողմերի համար՝ երկու հայկական եւ ադրբեջանական երկար ճանապարհ կա, որպեսզի մենք կարողանանք հասնել այն խաղաղությանը, այն կայունությանը, որն անհրաժեշտ է տարածաշրջանին:

Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: