AM
28 Մայիս 2011 - 09:08 AMT

«Ժառանգություն». Առանց առաջին հանրապետության չէին լինի երկրորդը եւ երրորդը

«Ժառանգություն» կուսակցությունն ուղերձ է հղել հայ ժողովրդին` Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության 93 ամյակն է: 1918թ.-ին` ցեղասպանությունից եւ համաճարակներից արնաքամ, հայրենազրկումից հոգեցունց հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ պայքարի, մաքառման եւ գերմարդկային ճիգերի շնորհիվ` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակներով վերականգնել հարյուրամյակներ առաջ կորսված հայոց պետականությունը` առավել օրհասական պահին դրսեւորելով հայի տեսակի լավագույն որակները:

Առանց առաջին հանրապետության չէին լինի երկրորդը եւ երրորդը, ինչպես որ Սարդարապատը հիմք դրեց Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի եւ նրա քաջարի զավակների սխրանքին, ապաեւ Արցախյան հերոսամարտի փայլուն հաղթանակներին: Հիրավի` Հայաստանի Հանրապետությունը հիմնադրեցին մեր պապերը, մեր եղբայրները պահեցին այն եւ հայ որդիները տվեցին նրան իրենց երիտասարդությունը, հաճախ էլ` կյանքը»:

«Ժառանգությունն» ընդունում է Հայաստանի երրորդ Հանրապետության հիմքերը գցած առաջին երկու հանրապետությունների ժառանգությունը ազգային պատմության միասնության ներքո եւ շարունակական: Եւ այսօրվա սերնդի պատմական առաքելությունն է դարձնել մեր անկախ Հայրենիքը ազատ եւ ուժեղ: Դրան հասնելու ճանապարհն է ազգային միասնության հաստատումը եւ օրինական իշխանության ձեւավորումը:

Սա մի պարզ ճշմարտություն է, որը պահանջում է նաեւ չափազանց պարզ մի լուծում` ազատ եւ օրինական ընտրություններ: Մենք գտնում ենք, որ իր հազարամյակների պատմության ընթացքում բազում փորձություններ հաղթահարած հայ ժողովուրդը ներկայացնող մերօրյա Հայաստանի Հանրապետության Քաղաքացին ի վիճակի է դրան հասնելու, ինչպեսեւ արժանի է ազատ, ապահով եւ բարեկեցիկ ապագայի: Մենք նաեւ ողջունում ենք քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակման գործընթացը, որը թեեւ անչափ ուշացած, սակայն ամեն դեպքում դրական քայլ էր, որի կապակցությամբ շնորհավորում ենք Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

Սակայն Հայրենիքի եւ հայ մարդու համար պայքարը դեռ արջեւում է: Ուրեմն 1918թ. մայիսի 28-ի խորհրդին հանգույն միասին իրագործենք մեր համազգային նվիրական այս երազանքը` Հանո՛ւն Ազատության, Հանո՛ւն Արժանապատվության, Հանո՛ւն Հայաստանի Հանրապետության»,-ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ: