AM
28 May 2011 - 09:19 AMT

ՀԵՀ-ի երիտասարդական կենտրոնում բացվել է «Հաղթանակների գարուն» ցուցահանդեսը

Մայիսի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հիմնադրամի «Բազե» ակումբի նախաձեռնած «Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որին ներկայացված են շուրջ 20 երիտասարդ նկարիչների ավելի քան 30 նկարներ։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին Հանրապետության օրվա առթիվ, նշեց, որ հայ երիտասարդը տարբերվում է ազգային արժեքների նկատմամբ իր մոտեցումներով։ «Մայիսը հաղթանակների մեր ամիսն է, և տոնական այս օրը ցանկացած գործում մեր երիտասարդներին մաղթում եմ հաղթանակ»,-ասաց Կ. Ավագյանը։

«Բազե» ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը, անդրադառնալով ցուցահանդեսին, նշեց, որ նման միջոցառումներով «Բազե» ակումբը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներին ինքնադրսևորման հնարավորություն է տալիս. «Միջոցառումը նվիրված է մայիսյան հաղթանակներին և արտացոլում է երիտասարդ նկարիչների պատկերացումները հաղթանակների վերաբերյալ։ Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս երիտասարդ նկարիչներին ներկայանալու հանրությանն իրենց աշխատանքներով»,- նշեց Ս. Մերթարջյանը:

«Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 31-ը: