AM
6 Հունիս 2011 - 11:31 AMT

Հունիսի 7-ին մեկնարկում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և Թավջութակի փառատոնը

Հունիսի 7-ից 26-ը Երևան, Գավառ և Վանաձոր քաղաքներում կայանալու է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և Թավջութակի Երկրորդ Փառատոնը:

Փառատոնը կմեկնարկի Գավառ քաղաքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև «Քյավառ» հեռուստաընկերության համերգասրահում տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և Թավջութակի Երկրորդ Փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում: Առաջին անգամ դասական երաժշտության փառատոնը կմեկնարկի մարզում:

Փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել ալտ և թավջութակ գործիքների հանդեպ հետաքրքրությունը,այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը` այս գործընթացում ներգրավելով հայ արդի կոմպոզիտորներին:

Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որին իրենց մասնակցությունը կբերեն մոտ 30 երաժիշտներ. երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև փառատոնային կամերային նվագախումբը: Ավանդույթ է դարձել փառատոնին պատվավոր հյուրի ներկայությունը: 2010-ին հրավիրված էր ռուս անվանի կոմպոզիտոր Միխայիլ Բրոնները: Փառատոնի փակման համերգին(հունիսի 26),երկարատև ընդմիջումից հետո մայրաքաղաքի հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու կոմպոզիտոր,դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովի (ԱՄՆ) արվեստին:

Փառատոնը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից: