AM
7 Հունիս 2011 - 13:10 AMT

«Փարոս» երգչախումբը Երևանում կմասնակցի Բեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան տոնակատարությանը

Հունիսի 8-ին Երևանի Սիրահարների այգին կվերածվի Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա յուրահատուկ և հանդիսավոր տոնակատարության վայրի: Ամեն տարի հունիսին Մեծ Բրիտանիայի դեսպանատները նշում են Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը:

Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն»հասարակական կազմակերպությանը կից գործող և «Փարոս» կամերային երգչախումբը:

«Փարոս» կամերային երգչախումբը հիմնվել է 1993 թվականին Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմբի հիմնադրման պահից մինչև 2008թ. «Փարոսի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորն էր Վաչագան Նավասարդյանը։ 2009 թվականի սկզբին «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվեց Րաֆֆի Միքայելյանը։

«Փարոսը» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը կազմում են սայլակ օգտագործող հաշմանդամներ։ Իր գործունեության ընթացքում երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Մասնավորաբար, «Փարոսը» երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեի հրավերով ելույթ է ունեցել Թբիլիսիում (1998), հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում (1997) և Ֆրանսիայում (2005), ինչպես նաև հաջողությամբ մասնակցեց Մեծ Բրիտանիայում (2000) և Իտալիայում (2003) անցկացված միջազգային մրցույթ-փառատոներին։ Թողարկվել են «Փարոսի» երկու կոմպակտ-ձայներիզներ։ «Փարոսի» ելույթները և ձայներիզները արժանացել են հայ և արտասահմանյան առաջատար մասնագետների բարձր գնահատանքի։