Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նախապատրաստվող առաջարկները կգոհացնեն հակամարտության բոլոր կողմերին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, ATV հեռուստաալիքին է հայտարարել Փարիզում ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, միջնորդները, եւս մեկ անգամ վերանայելով իրենց բոլոր նախորդ առաջարկները, նոր փաստաթղթի մեջ են ընդգրկել միայն առավել կառուցողական տարրերը, որոնք կբավարարեն երկու կողմերին: «Համանախագահները գտնում են, որ նախապատրաստված նոր առաջարկները անպայման կընդունվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից, – հայտարարել է ռուս դիվանագետը: -Կարող է այնպես ստացվել, որ որոշ պահերի վերաբերյալ լինեն տարաձայնություններ, սակայն, ընդհանուր առմամբ, մենք այնպես ենք ձեւակերպել նոր գաղափարները, որ դրանք համաձայնության կբերեն հակամարտության բոլոր շահագրգիռ կողմերին»: Ն. Գրիբկովը հայտարարել է նաեւ, որ հակամարտության տարածաշրջան առաջիկայում կատարելիք այցի ընթացքում համանախագահները կբանակցեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանի հետ: Պաշտոնական Բաքվի կողմից այդ առնչությամբ հնչած բողոքներին ի պատասխան ռուսաստանցի համանախագահը նշել է, որ ՄԽ անդամները կհանդիպեն ոչ միայն Ա.Ղուկասյանի, այլեւ` «ԼՂ ադրբեջանական համայնքի առաջնորդի հետ»: «Մենք ոչ ոքի դիրքորոշումը չենք գերադասում, եւ չենք կարծում, որ Ղարաբաղի հայերի ղեկավարի հետ հանդիպումը կարող է ինչ-որ խնդիրներ առաջացնել: Հակառակը, մենք ձգտում ենք հաշվի առնել բոլոր կողմերի շահերը եւ փորձում ենք այդ ամենի հիման վրա ընդհանուր դիրքորոշում մշակել», – ասել է դիվանագետը: Նրա խոսքերով, տարածաշրջան այցելելուց առաջ համանախագահները եւս մեկ խորհրդակցություն կանցկացնեն Մոսկվայում: Այդ հանդիպման ամսաթիվը դեռեւս չի հրապարակվում: