Հայ լավագույն երիտասարդ լարային գործիք պատրաստողը կվերապատրաստվի Ֆրանսիայում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը և Ֆրանսիայի «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի («Culture and cooperation») նախագահ Ֆիլիպ Բակմանը: «Հայաստանում երաժիշտները շատ բարձր, իսկ երաժշտական գործիքները շատ ցածր որակի են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բակմանը:
Այս տարվա աշնանը կհայտարարվի մրցույթ, որի արդյունքներում կընտրվի մեկ` մինչև 30 տարեկան երիտասարդ գործիք պատրաստող, ով կգնա Ֆրանսիա կես տարի ժամկետով: Մրցույթն անց են կացնելու ասոցիացիայի վարպետները Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից: Մինչ Ֆրանսիա գնալը, երիտասարդ վարպետը դասընթացներ կունենա Հայաստանում:
Նշենք, որ Հայաստանում այսօր միայն մեկ արհեստավարժ լարային գործիք պատրաստող կա` Մարտին Երիցյան անունով, ով արդեն հասել է պատկառելի տարիքի և չունի փոխարինող:
Երիտասարդի ողջ ծախսերը կհոգա «Culture and cooperation» ընկերությունը:
Ընկերությունը զբաղվում է տարբեր երկրներում երաժշտական գործիքների պատրաստման տեխնոլոգիաների ուսուցմամբ: Ասոցիացիան գործունեություն է ծավալել Եգիպտոսում, Թունիսում, Մարոկկոյում, Բալկանյան թերակղզու երկրներում, Լատինամերիկյան երկրներում և այլուր:






