25.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մինչեւ հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները ակտիվ էին ընթանում»: Այսօր ռուսաստանյան «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի որդին, Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության փոխնախագահ Իլհամ Ալիեւը:
Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչությունը «բարդեցրել է բանակցությունների ընթացքը»:
Չնայած նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած հանդիպումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են իրենց շփումները ավելի ինտենսիվ դարձնելու մտադրության մասին, Իլհամ Ալիեւը ասել է հետեւյալը. «Ուղիղ երկկողմ բանակցությունները, որոնց ժամանակ քայլեր են ձեռնարկվել հակամարտության կարգավորման ուղղությամբ, ներկայումս ընդհատվել են` կամ երրորդ կողմի միջամտության, կամ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով»: –0–