AM
13 Հունիս 2011 - 12:10 AMT

«Նոր ալիք 2011» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էրիկը

Յուրմալայում կայանալիք «Նոր ալիք 2011» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է երգիչ Էրիկը: Էրիկը PanARMENIAN.Net- ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ երրորդ օրը կատարելու է նոր երգ, որի հեղինակն է Մարտին Միրզոյանը: Երգի անվանումը դեռ որոշված չէ: Էրիկի խոսքերով, երգում շեշտադրությունը դրված է հիթային լինելու վրա, սակայն հատվածաբար նա կցուցադրի իր ձայնային տվյալները ժյուրիի համար: Երգիչը նաև հայտնեց, որ մրցույթի մյուս մասնակիցների թվում կան բավական լավ կատարողներ, սակայն կոնկրետ չի կարող նշել ֆավորիտին, քանի որ, ըստ նրա, մրցույթը շատ անկանխատեսելի է: Երգիչը Յուրմալա կմեկնի հուլիսի 16-ին:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ կունենան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ կմասնակցի Տոգոն: