AM
14 Հունիս 2011 - 06:57 AMT

Կոմպոզիտորներ Իրադյանը և Խրեննիկովը դարձան Խաչատրյանի անվան մրցույթի հաղթողներ

Ալեքսանդր Իրադյանը Հայաստանից և Տիխոն Խրեննիկովը Ռուսաստանից դարձան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «կոմպոզիցիա» անվանակարգի դափնեկիրները: Մրցույթի հաղթողի անունը հայտարարվեց հունիսի 13-ին` մրցույթի հանդիսավոր փակման ժամանակ: Մրցույթի հյուր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը նշեց, որ կոմպոզիցիայի ընդգրկումը նշված մրցույթում լավ գաղափար է: Բացի դրանից, ժյուրին երկու մասնակցի` Ելենա Կիրալին Ղրղզստանից և Ժիրայր Շահրիմանյանին Հայաստանից արժանացրեց հատուկ մրցանակի:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին մասնակցելու համար այս տարի Երևան են ժամանել 36 դաշնակահար և 11 կոմպոզիտոր, կայացավ հունիսի 9-13-ը: Այն ընդգրկում էր երաժիշտներ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Մրցույթի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան – մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գլխավոր գործընկերն էր ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: