19.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ստեփանակերտում շարունակվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ 2000 թվականի մարտի 22-ին կատարված մահափորձի գործով դատավարությունը:
Ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող Սասուն Աղաջանյանը, սկսել է խոսել: Նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ասել է, որ դեկտեմբերի 18-19-ին նա երկու անգամ զրուցել է իր պաշտպանյալի հետ, որը, փաստաբանի խոսքերով, գիտակցում է կատարվածը, ցանկանում է խոսել, սակայն շատ թույլ է եւ կազդուրման կարիք ունի:
Դատավոր Ալեքսանյանը ընդգծել է, որ դեկտեմբերի 18-ին Սուրեն Աղաջանյանի հետ խոսակցական կապ է սկսել Սամվել Բաբայանը եւ նրան խոսելու կոչ արել: Փաստաբան Էդուարդ Աղաջանյանը դատավորին փոխանցել է իր պաշտպանյալի խնդրանքը` վերջինիս ժամանակ հատկացնել` ուժերի վերականգման եւ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Տեղում խորհրդակցելով` դատարանը բավարարել է փաստաբանի խնդրանքը` դատական նիստը հետաձգելով մինչեւ դեկտեմբերի 25-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում դատավոր Ալեքսանյանը ցուցմունքներ տալու Սասուն Աղաջանյանի որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ մեղադրյալը որոշել է փոխել իր պահելաձեւը` հաշվի առնելով հանցագործության ողջ պատասխանատվությունը իր վրա «գցելու» մնացած մեղադրյալների փորձերը: Նրա խոսքերով, սեփական պաշտպանության անհրաժեշտությունը եւ իր պահելաձեւի անհեթհեթության գիտակցումը մեղադրյալին ստիպել են վերջ տալ լռությանը: –0–