AM
20 Հունիս 2011 - 13:17 AMT

Ի՞նչ են քարոզում հայ «աստղերը». Այլասերության պատկերներ հինավուրց հայկական եկեղեցիների ֆոնի վրա

Օրերս համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է ռեփեր Սուպեր Սաքոն, որի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից, նրանք պատկերված են Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրի (X դար) ֆոնի վրա: Այդ մասին տեղեկացնում է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը:

Ըստ նախաձեռնության անդամների, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, հայ էստրադայի «աստղերը» զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն: