«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան կինոփառատոնին ավելացել է մրցութային նոր ծրագիր` կարճամետրաժ (մինչև 30 րոպե տևողությամբ) խաղարկային ֆիլմերի «Կորիզ» խորագրով երիտասարդական անվանակարգը: Անվանակարգում, ընդհանուր թվով ներկայացվել էր 135 հայտ, որոնցից ընտրվել են 25 ֆիլմ 18 երկրներից:
Ինչպես ասուլիսի ժամանակ նշեցին կազմակերպիչները, անվանակարգի հաղթողը հայ ռեժիսորի հետ համատեղ աշխատանք կիրականացնի: Ծրագրի կազմակերպիչներից մեկը` ռեժիսոր Արամ Շահբազյանը նշեց, որ անվանակարգի հայտերի ուսումնասիրման արդյունքում բացահայտվեցին հայ երիտասարդ ռեժիսորների թերությունները, որոնք, ըստ Շահբազյանի, դրամատուրգիայի հենքի պակասն է և մտքի բացակայությունը: Ծրագրի մյուս կազմակերպիչ Գագիկ Ղազարէն իր հերթին նշեց, որ եթե նույնիսկ երիտասարդը չունի ռեժիսորական կրթություն, նա կարող է համացանցում ձեռք բերել բազմաթիվ համապատասխան ուսումնական նյութեր, բայց դա էլ չի անում: Ռեժիսոր Վարդան Հակոբյանը վերը նշված խնդրի լուծումը գտնում է կինոստուդիաների ստեղծման մեջ, որտեղ այդ արվեստին տիրապետել ցանկացող մարդիկ կստանան համապատասխան գիտելիքներ և հմտություններ:
«Կորիզ» անվանակարգի ժյուրին կնախագահի պրոդյուսեր Թիերի Լենուվելը Ֆրանսիայից: Ժյուրիի մյուս անդամներն են ճանաչված կինոգետ Օլգա Շերվուդը Ռուսաստանից և ռեժիսոր Կարինե Թորոսյանը Կանադայից:
«Կորիզում» Հայաստանը ներկայացնելու են Տաթև Իսախանյանը «Թևավոր պատրանք», Լուսինե Սարգսյանը «Ծաղկապար» ֆիլմերով, ինչպես նաև Դիանա Կարդումյանի «Գալաթա» հայ-թուրքական համատեղ նկարահանած ֆիլմը: Ծրագրին մասնակցելու են ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Հոնդուրասը, Սինգապուրը, Ֆրանսիան, Շվեդիան, Ֆրանսիան և այլն:
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:






