AM
25 Հունիս 2011 - 10:29 AMT

Էդուարդ Շարմազանով. Բաքվի «քիթը նորից կարնոտվի», եթե դիվերսիայի գնա Կազանի հանդիպումից հետո

Եթե Բաքուն դիվերսիայի գնա Կազանի հանդիպումից հետո, «ապա նրա քիթը նորից կարնոտվի»: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, եթե միայն ադրբեջանական կողմը փորձի կրկին դիվերսիաներ կազմակերպել, ինչպես դա եղել է արդեն բազմիցս, ինքը կորուստներ կկրի: «ԼՂՀ պաշտպանության բանակը շատ լավ է նախապատրաստված և անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված կտա հակառակորդին»,-ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարություններին՝ Շարմազանովն ասել է, որ նման քաղաքականությունը երբեք օգուտ չի բերել ոչ մի երկրի: Ըստ նրա, իրավիճակի սրման դեպքում Հայաստանը պայքարելու է հանուն իր Հայրենիքի: «Եվ ինչպես դա եղավ 1994թ., ապագայում ևս հաղթանակը մերն է լինելու»,-ասել է նա:

Շարմազանովը հայտարարել է նաև, որ ըստ ստեղծված ավանդույթի Իլհամ Ալիևը ժամանակից շուտ լքեց բանակցային սեղանը և չգնաց ձիարշավարան Հայաստանի ու ՌԴ նախագահների հետ:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: