AM
25 Հունիս 2011 - 12:02 AMT

Կ. Բեքարյան. Առանց Արցախի բանակցային գործընթացը դուրս չի գա փակուղուց

Բանակցություններն, այսպես թե այնպես, փակուղում են և դուրս կգան փակուղուց միայն այն դեպքում, երբ դրանց, որպես լիիրավ կողմ, մասնակցի ԼՂՀ-ն: Բանաձևը շատ պարզ է, ով կառչած է ստատուս քվոյից, նա էլ դեմ է հանդես գալիս ԼՂՀ վերադարձին բանակցային սեղան: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները:

«Բանակցություններն իրական բեկում կարող են արձանագրել, երբ ինչ-որ հրաշքով Ադրբեջանը դառնա ժողովրդավարական կամ Ալիևն ունենա 150 տոկոսանոց երաշխիքներ (պարզ չէ՝ ումից, իսկ 100 տոկոսը նրան չի բավարարում), որ փոփոխությունների արդյունքում, միևնույն է ինքը կմնա իշխանության, երբ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի ԼՂՀ հետ:

Մինչ այդ բանակցությունները կընթանան նույն տրամաբանությամբ, որով ընթանում են: Կրկնում եմ՝ եթե թղթի վրա բեկում արձանագրվի, բայց չգործեն վերը նշված դրույթները, բեկումը կամ թուղթը կլինեն միայն ձևական»,- ասել է Բեքարյանը

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: