ՀԱԿ-ի սպասումները Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումից բավականին պարզամիտ էին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, ՀԱԿ հուսով էր, որ կամ նախագահ Սերժ Սարգսյանն անշահավետ համաձայնագիր կստորագրի, ինչը, բնականաբար, կանդրադառնա նրա հեղինակության վրա երկրում, կամ ստիպված կլինի ժամանակ շահելու համար արտահերթ ընտրություններ անցկացնել, ինչը ՀԱԿ ընկալում էր որպես սեփական հաղթանակ: «Ուղղակի ՀԱԿ հաշվի չէր առել, որ կա նաև երրորդ ուղին: Կարծում եմ, ՀՀ իշխանությունները օգտագործեցին բոլոր հնարավոր վթարային ելքերը բանակցային գործընթացից: Արդյունքում, պարզ է, որ փաստաթուղթը չստորագրելու համար պատասխանատու է Բաքուն»,-ասել է Սաֆարյանը:
Ըստ պատգամավորի, այն, որ Կազանում փաստաթուղթ չստորագրվեց, մի կողմից բացատրվում է Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներով և զիջումների չգնալու ցանկությամբ, մյուս կողմից՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև առկա տարաձայնություններով, մասնավորապես, գործընթացն իր մենաշնորհը դարձնելու Ռուսաստանի ցանկությամբ:
Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:






