Եթե Կազանում փաստաթուղթ ստորագրվեր, դա կնշանակեր բեկման իմիտացիա, ոչ թե բեկում ղարաբաղյան գործընթացում: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանը:
«Չի կարող բեկում լինել, երբ Ադրբեջանի նախագահը մի բան է ասում երկրի ներսում, այլ բան՝ բանակցություններում: Մի կողմից Ալիևը ցանկանում է պահպանել ստեղծված իրավիճակը, մյուս կողմից՝ փրկել սեփական դեմքը: Չի կարող բեկում լինել, քանի որ այսօրվա բանակցային գործընթացի տրամաբանությունն անբնական է»,-ասել է փորձագետը՝ նշելով, որ Բաքուն, առավելագույնը, կարող է հավակնել ուղիղ բանակցությունների Ղարաբաղի հետ: Ըստ Բեքարյանի, միայն այդ դեպքում կարող է բեկում լինել:
Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:






