AM
1 Հուլիս 2011 - 04:34 AMT

Հայաստանի երիտասարդական նվագախումբն ավարտեց իր համերգաշարը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ավարտեց իր 2010-2011թթ. համերգաշարը: Այս ժամանակահատվածում նվագախումբը ունեցավ լեփ –լեցուն հանդիսատեսով համերգներ, ուր իրենց անփոխարինելի տեղն ունեցան երիտասարդությունն ու տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները: Նվագախումբը սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով իրենց բոլոր համերգներին: Ինչպես տեղեկացնում է նվագախմբի մամլո ծառայությունը, այս ամենի նպատակն է կրթել և զարգացնել հայ երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը:

Համերգաշարի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Ֆեն Նինը և այլոք: Սեպտեմբեր ամսից նվագախումբը կվերսկսի իր համերգաշարը, ինչպես նաև հյուրախաղերով հանդես կգա Օդեսայում կայանալիք «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնում, Գերմանիայի Կարլզրուե քաղաքում, Բեռլինի «Konzerthaus» և Բրյուսելի «Palais Des Beaux-Arts»աշխարհահռչակ դահլիճներում: Բոլոր համերգները նվիրվելու են Հայաստանի անկախության 20-ամյակին: