AM
9 July 2011 - 06:38 AMT

Հայ, ռուս և ամերիկացի լրագրողներից կազմված 56-հոգանոց խումբը մեկնել է Գանձասար

«Գանձասարի վերածնունդ» ծրագրի շրջանակներում հայ, ռուս և ամերիկացի 56 լրագրողներից բաղկացած խումբ է այսօր մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` ծանոթանալու սփյուռքահայ բարերարների ներդրումներին եկեղեցաշինության բնագավառում: Նախատեսվում է լրագրողների հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

«Վերջին օրերին մամուլում տեղ գտան մի շարք մտահոգություններ` կապված Գանձասարի վանական համալիրի` իբր 13-րդ դարի պարսպի սալիկապատման հետ: Այս առումով հարկ է նշել, որ Գանձասարը շրջապատող պարիսպը իրականում կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Ներկա պահին իր անորակության պատճառով պարիսպը սկսել էր քանդվել, ինչը կանխելու համար որոշում ընդունվեց երեսպատել այն տրավերտինե սալիկներով, որոնք այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Լրագրողները հնարավորություն կունենան անձամբ ծանոթանալու այդ` արդեն հանրահայտ դարձած պարսպին:

Ռուս և ամերիկացի լրագրողների անուններն իրենց խնդրանքով գաղտնի են պահվում` նկատի ունենալով ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվելու հեռանկարը:

Լրագրողները կայցելեն Գանձասար, Ստեփանակերտ, Շուշի, ինչպես նաև Ստեփանակերտի մատույցներում կառուցվող օդանավակայան: Երևան վերադարձը ծրագրված է կիրակի երեկոյան: Շրջայցն իրականացնում է «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակը` Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ»,- ասվում է «Գանձասարի վերածնունդ» ծրագրի իրականացման գրասենյակի մամլո հաղորդագրությունում: