Աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Վոյչեխ Մարչևսկին, ով Հայաստան է եկել «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար անցկացրեց վարպետության դասեր: Մարչևսկին խոսեց հատկապես ռեժիսորական արվեստի և օպերատորական աշխատանքի մասին: Ըստ նրա, իսկական ռեժիսորը պետք է թաքցնի որոշ բաներ, որպեսզի ֆիլմի բովանդակությունը ինչ-որ չափով գաղտնի մնա: «Այն ֆիլմը, որը միանգամից պատմում է ամեն ինչ, ֆիլմ չէ, այլ լրատվական գործակալություն», – ասաց Մարչևսկին: Այդ համատեքստում, ռեժիսորը օպերատորներին խորհուրդ տվեց ստվերի միջոցով «փակել» որոշ կարևոր բաներ:
Վոյչեխ Մարչևսկին ծնվել է 1944թ-ին Լեհաստանի Լոձ քաղաքում:Լեհ կինոռեժիսոր է սցենարիստ: 1962-ին սկսել է ռեժիսուրա ուսանել Կինոյի, հեռուստատեսության և թատրոնի պետական բարձրագույն դպրոցում: Ուսումն ընդհատել է 1964-ին, ընդունվել համալսարան` փիլիսոփայություն և պատմություն ուսումնասիրելու նպատակով: Երեք տարի անց վերադարձել է կինոդպրոց` կինոռեժիսորական կրթությունն ավարտելու: 1968-2001 թթ. 12 ֆիլմ է նկարահանել: Նրա «Վախերը» 1981-ին «Արծաթե արջի»` Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել Բեռլինի 32-րդ ՄԿՓ-ում: «Փախուստ «Ազատություն» կինոթատրոնից» ֆիլմը 1991-ին ցուցադրվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: Կինոռեժիսուրայից բացի, Մարչևսկու կյանքում նշանակալից տեղ ունի ուսուցչությունը: 1984-ից կանոնավորապես դասավանդել է Կոպենհագենի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում: 1992-1994 թթ. Մեծ Բրիտանիայի Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանն է եղել: Ի լրումն` Անջեյ Վայդայի կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի համահիմնադիրն է և գլխավոր դասախոսներից մեկը, դպրոց, որը Վարշավայում իր դուռը բացեց ուսանողների առաջ 2002-ին:
«Ռեժիսուրան դա զուտ մասնագիտություն չէ, այլ առաքելություն է և կոչում: Այն իմ համար շարժանկարի միջոցով հաղորդակցվելն է կինոդիտողի հետ: Ես պատասխանատու եմ իմ ֆիլմերի համար», ասում է Մարչևսկին:






