AM
19 Հուլիս 2011 - 13:19 AMT

Շուշիից ոչ հեռու հայտնաբերվել է Կարկառ քաղաք-ամրոցը

Օրերս Շուշի քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել է վաղ միջնադարյան հնավայր, որն ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության և ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանի, հենց Կարկառ քաղաք-ամրոցն է: Ինչպես նա նշեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, Արցախում եղել են Կարկառ անունով քաղաք-ամրոց և բերդ, բայց աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք գտնվել են տարբեր վայրերում: Հնավայրում հայտնաբերվել են խեցեղենի բազմաթիվ նմուշներ, որոնք թվագրվում են 6-7 դարերով: Այդ տարածքում դեռ մի քանի տարի առաջ տարբեր հնագետներ պեղումներ են կատարել: Սարգսյանը նաև հավելեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ԼՂՀ-ի տարածքում հայտնաբերվել են 20-ից ավելի ամրոցների մնացորդներ, որոնք հիշատակված չեն եղել պատմիչների կողմից:

Այս տարի, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի Արցախի շուրջ 60 ամրոցների մասին պատմող գիտական աշխատություն:

Վաղ միջանադարյան Կարկառ քաղաք-ամրոցը տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արևելք, Շոշ գյուղից ոչ հեռու` ապառաժոտ լեռան սարահարթի վրա: Տարածքը կոչվում է «Թագավորեն տեղ»: Զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչև 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ` ուղղաձիգ ձևը: Պարսպապատերը հարավ-արևելք, հյուսիս-արևմուտք ուղղությամբ ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ: