Oգոստոսի 8-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Վարդան Պետրոսյանի նոր «Սեռասարսափ» կինոներկայացման պրեմիերան: Ներկայացման մեջ անդրադարձ է լինելու կոալիցիա-ընդդիմություն երկխոսությանը, որի մասին Պետրոսյանը գրել է դեռևս այդ գործընթացի մեկնարկից առաջ: «Սցենարը գրվել է Փարիզում, ներկայացման անվանումն անընդհատ փոխվում էր: Վերջնական անունը որոշվեց դնել «Սեռասարսափ», քանի որ այնպիսի հարցեր են շոշափվում, որոնց մասին չենք խոսում, արհամարհում ենք, չենք հավատում», -հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Պետրոսյանը: Ներկայացումը ավելի երիտասարդական է և ուղված է դեպի երիտասարդությունը, շոշափում է նրանց խնդիրները:
«Երիտասարդների առաջին խնդիրը դա մեր ինքնախաբեությունն է, որով փորձում ենք առաջ գնալ` սիրո հարցում, կրթական և այլ ոլորտներում: Այն ամենուր է, օրինակ ցանկացած գնով կրթություն ստանալու, օժիտապաշտության մեջ է: Դա իսկապես վտանգում է մեր ապագան»,-հավելեց դերասանը:
«Սեռասարսափը» երիտասարդության բարդույթների մասին է, հատկապես երիտասարդների սիրային հարաբերություններում: Ըստ Պետրոսյանի, նույնիսկ հայ մարմնավաճառները բարդույթներ ունեն:
Նրա կարծիքով, այսօր իշխանություն-ժողովուրդ հարաբերությունը կարծես մարմնավաճառ-հաճախորդ հարաբերությունները լինեն: «Ես երբեք մարդկանց դաստիարակելու խնդիր չեմ ստանձնել: Իմ նպատակն է մարդուն մի քայլ դեպի ազնվություն առաջնորդելը և ազնվանալը»,-ասել է դերասանը:
Ներկայացումը հովանավոր չունի, որովհետև, ըստ Պետրոսյանի, հովանավորները, հավանաբար, խուսափում են իր հետ աշխատել: Նա խոստանում է, որ ներկայացումը լինելու է շատ սուր, բայց և զվարճալի:






