Հոկտեմբերի 12-21-ը ներառյալ նախատեսվող մարդահամարի ժամանակ կհաշվեն կրոնական տարբեր կազմակերպություններում ներառված մարդկանց քանակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը:
«Մեր սեփական դիտարկումներից ելնելով՝ վերջին շրջանում աղանդավորական շարժումների ավելացում չի եղել, բայց նկատվում է դրանց ծավալած գործունեության ակտիվացում»,- ասաց բանախոսը: Նա հավելեց, որ այս տարի արվել է փորձնական հաշվարկ կրոնական առումով, փորձ կարվի նաև 2011 թվականի մարդահամարի հարցաթերթիկներում ևս ընդգրկել այդ հարցը:
«Մենք ձգտում ենք չօգտագործել «աղանդ» եզրույթը, քանի որ որոշ կրոնական կազմակերպություններ դրանից վիրավորվում են: Ես անձամբ հակված եմ այսպես ձևակերպել` այն կրոնական միավորը, որն իր գործունեությամբ հակաօրինական քայլեր է անում, այսինքն` հոգեորսություն, պարբերաբար ոտնձգություններ անհատի իրավունքների, հասարակության առողջության, բարոյականության, ազգային անվտանգության նկատմամբ, դրանք իսկապես կարող ենք բնութագրվել որպես աղանդներ»,- ասաց նա:
Այն հարցին, թե ինչու լիազոր մարմինների միջոցով միանգամից չի արգելվում նման կազմակերպությունների գործունեությունը, եթե անգամ դրանց սահմանման մեջ օգտագործում է «հակաօրինական» բառը, Ասցատրյանը պատասխանեց, որ դա իր անձնական կարծիքն է, և որ այս ոլորտը դեռևս հստակ չի կարգավորվում օրենսդրությամբ: Չկան հստակ սահմանումներ ու չափորոշիչներ անգամ կրոնական կազմակերպությունների գրանցման հարցում: Չկա ստուգիչ ու փորձագիտական հանձնաժողով, որը կտա համապատասխան եզրակացություն:
«Օրենքով չկա այդպիսի բան: Կան կոնկրետ հակաօրինական գործողություններ: Եթե նման դեպքեր են գրանցվում, դատարանը դրանց անդրադառնում է: Կոնկրետ փաստեր են պետք: Չկան»,- մեկնաբանեց Վարդան Ասցատրյանը:
Որպես առաջնային խնդիր` Ասցատրյանը նշեց կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ, համատարած քարոզները փողոցներում` առաջարկելով դրա համար հատկացնել որոշակի տարածքներ և արգելել համատարած քարոզը: Մյուս կարևոր խնդիրն, ըստ բանախոսի, աղանդավորական տաճարների կառուցումն է դպրոցների, մանկապարտեզների, մանկական խաղահրապարակների, հասարակական ակտիվ հանգստի վայրերի հարևանությամբ:






