Օգոստոսի 4-ին, Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն»ը Համազգային պետական թատրոնում (Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճ) կներկայացնի «Հայաստան և ճշմարտություն» խորագրով բեմադրության պրեմիերան: Ռազմահայրենասիրական պիեսը ստեղծվել է Գ. Նժդեհի ասույթների ու մտքերի հիման վրա: Բեմադրության հեղինակն է Արմեն Մազմանյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Հայ ռազմական և քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնուտ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը: Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին այն ավարտելուց հետո Կովկաս է վերադարձել և անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Զենք ու զինամթերք տեղափոխելու համար 1909թ. Ցարական իշխանության կողմից ձերբակալվել է Կովկասում` մոտ 3 տարի անցկացնելով բանտում: Դուրս գալով այնտեղից, մեկնել է Բուլղարիա: Առաջին Աշխարհամարտի սկզբին «ներման արժանանալով» ցարական կառավարության կողմից` վերադարձել է Կովկաս` պայմանով, որ մասնակցի Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին: Այս տարի նշվում է գործչի 125 ամյակը:






