Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է օգոստոսի 13 -21 ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերի Երևան քաղաքի մարզական պատվիրակության անդամներին և բացման շքերթը գլխավորող 10 հանրաճանաչ մարզիկներին:
Ինչպես հայտնում է քաղաքապետի պաշտոնական կայքէջը, ողջունելով ներկաներին` Երևանի քաղաքապետը հույս է հայտնել, որ երևանցի մարզիկներն այս մարզական ստուգատեսում հերթական անգամ աչքի կընկնեն լավ արդյունքներով և հատկանշել, որ քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի մասսայականացմանը, քանի որ բացի առողջ ապրելակերպ քարոզելուց, Երևանում անցկացվող մարզական միջոցառումները խթան կհանդիսանան նաև մայրաքաղաքն ավելի ճանաչելի դարձնելու առումով:
10 մարզաձևերի 12 հավաքական թիմերի մարզիչները ներկայացրել են թիմերի պատրաստվածության վիճակը, նշել, որ քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել են ուսումնամարզական հավաքներ, ապահովված են մարզական հանդերձանքով և պատրաստ են համահայկական 5-րդ խաղերում պայքարել բարձր տեղերի համար:
Հավաքական թիմերի մարզիչների բարձրացրած խնդիրներից մի քանիսը տեղում լուծում են ստացել, առանձին հարցերի շուրջ տրվել են հանձնարարականներ: Քաղաքապետը կարևորել է հանգամանքը, որ թիմերի համալրման ու ֆինանսավորման հարցում բացի քաղաքաքապետարանի աջակցությունից անհրաժեշտ է փոխշահավետ առաջարկների տեսքով ներգրավել նաև բիզնես ոլորտը:
Երևանի քաղաքապետը մարզական պատվիրակության անդամներին ևս մեկ անգամ մաղթել է հաջող մրցելույթներ ու նշել, որ անձամբ հետևելու է համահայկական 5 րդ խաղերի ընթացքին և մարզիկների հետ կհանդիպի արդեն մարզահրապարակներում:






