«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է բարձրաձայնել Հայաստանի սրբավայրերի անմխիթար վիճակի մասին: Նախաձեռնության տարածած հերթական հաղորդագրության մեջ հարց է բարձրացվում, թե ով է ստում` Մայր Աթոռը, թե՞ մշակույթի նախարարությունը:
«Հուլիսի 20-ին Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ Մելիքյանը հայտարարել էր հետևյալը. «Ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմա-մշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները և փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս հայտարարության առնչությամբ «Չենք լռելու»-ն խնդրանքով դիմել է Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:
Օգոստոսի 5-ին մշակույթի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի նշյալի վերաբերյալ որևէ գրություն կամ գրավոր հանձնարարական չի եղել:
«Չենք լռելու»-ն նշում է, որ ակնհայտ է, որ կա՛մ մշակույթի նախարարությունը, կա՛մ Մայր Աթոռի ներկայացուցիչն ստում է` հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանման հարցին նայելով մատների արանքով` հավելելով, որ այս «տուն-տունիկին» զուգահեռ, Հայաստանի ողջ տարածքում շարունակում են անտերության մատնված «ինքնաոչնչացվել» հնադարյան սրբավայրերը:
«Չենք լռելու» նախաձեռնությունը պատրաստել է սլայդ-շոու` «անտերությունից կործանվող եկեղեցիների» մասին:






