AM
10 Օգոստոս 2011 - 07:32 AMT

Այս տարի Հայաստանի բուհերն ունեցել են նաև 60 տարեկան դիմորդներ

12-ամյա կրթական համակարգի անցնելով պայմանավորված 2011 թվականին չկային ավարտական դասարաններ, ինչից մեծապես տուժել են բուհերը:

Ընդհանուր առմամբ, այս տարի միասնական քննության հայտ էր ներկայացրել 3583 դիմորդ, որոնցից բուհ է ընդունվել 2340-ը:

«Այս տարի ունեցել ենք նաև մի քանի 60-ամյա դիմորդ: Բացի այդ, ընդլայնվել է դիմորդների աշխարհագրությունը. եղել են դիմորդներ Թաիլանդից, Հնդկաստանից և այլն: Գերակշռող են նաև բանակից զորացրված տղաները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել գնահատման և թեսթավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Նա նշեց, որ դիմորդների քանակով առաջատարն է ԵՊՀ-ն` 1006 դիմորդ, որոնցից ուսանող են դարձել 694-ը: Ցանկը գլխավորում է պատմության ֆակուլտետը` 218 դիմորդով: Հաջորդում են «Սերվիս» մասնագիտությունը, Հանրային կառավարումը, Միջազգային հարբերություններն ու Իրավաբանականը:

Իրավաբանական ֆակուլտետն այս տարի կունենա 82 առաջին կուրսեցի, միջազգային հարաբերությունները` 57:

Ոչ մի դիմորդ չի եղել Միջուկային ռեակտորների ֆիզիկա, Հեռահաղորդակցություն և Ազդանշանների մշակում ֆակուլտետներում:

Իտալերենի քննություն հանձնել է մեկ դիմորդ, իսպաներենի` 2: Երեքն էլ անցել են բավարարի շեմը:

Այս տարի ընդունելության քննությունների համար բացառիկ երևույթ` մրցակցություն է գրանցվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության ներբուհական քննության ժամանակ: