AM
10 Օգոստոս 2011 - 11:37 AMT

ՀԱԿ-ը չի բացառում, որ որոշ ուժեր փորձում են վիժեցնել Կոնգրես-իշխանություն երկխոսությունը

Օգոստոսի 9-ի երեկոյան Երևանի Կարապի լճի շրջակայքում Ոստիկանության և ՀԱԿ մի խումբ երիտասարդ ակտիվիստների բախման առնչությամբՀայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Դրանում նշվում է, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀԱԿ-ը հայտարարության մեջ կետ առ կետ ներկայացնում է բոլոր ապօրինությունները, որ կատարվել է ակտիվիստների հանդեպ, մասնավորապես նշելով.

«ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն` անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո

դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, և երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է

բերման ենթարկվելուց հետո 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին: Ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը:

փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալման մասին ապօրինի որոշում»:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն, որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: «Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ:

Երեկ օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն է տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների ևՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև: Այս մասին հաղորդագրություն է տվել «Հելսինկյան ընկերակցությունը»:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին:

Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է՝ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, հետևաբար ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն: Ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը:

Օգոստոսի 9-ին տեղի էր ունեցել ընդդիմության և իշխանության պատվիրակությունների հերթական հանդիպումը, որը տևել էր ավելի քան 5 ժամ: ՀԱԿ-ը իշխանություններին ներկայացրել է 85 էջից բաղկացած փաստաթուղթ, որում հիմնավորվում է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: