AM
20 Օգոստոս 2011 - 10:06 AMT

Հայ թուրքագետ. Թուրքական իշխանություններն օգոստոսի վերջում կխստացնեն քրդերի հետապնդումները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները քուրդ ահաբեկիչների դեմ պայքարը խստացնելու վերաբերյալ, վկայում են քրդական փոքրամասնության հետապնդումների նոր ալիքի մասին: Այդ մասին հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Հավանաբար, իշխանությունները հետապնդումները կսկսեն օգոստոսի վերջում, ռամադանից հետո, ինչպես ասել է վարչապետ Էրդողանը»,-ասել է նա:

Ըստ փորձագետի, իշխող կուսակցության և այլ քաղաքական գործիչների բոլոր հայտարարությունները իշխանությունների ու քրդերի միջև երկխոսության մասին, երկրում ժողովրդավարական սկզբունքների գոյության իմիտացիա է:

Թուրքիայի ավիացիան օգոստսի 17-ի երեկոյան ռմբակոծել է Իրաքում տեղակայված քրդական ռազմակայանները: Թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Կանդիլ քաղաքը, որտեղ ենթադրաբար թաքնվում են Քրդական բանվորական կուսակցության առաջնորդները: ՔԲԿ ճամբարների ռմբակոծությանը մասնակցում էին Թուրքիայի ՌՕՈՒ 13 ինքնաթիռներ, որոնք, առնվազն, հինգ թիրախ են խոցել:

Նույն օրն ավելի վաղ թուրքական Հաքքարի քաղաքի Չուքուրջա շրջանում ռազմական մեքենայի երթևեկության ժամանակ ական է պայթել, հաղորդում է «Սաբահ» թերթը: Պատահարի արդյունքում յոթ (այլ տվյալների համաձայն` ութ) զինծառայող է զոհվել, որոնցից մեկը գումարտակի հրամանատար էր: Վիրավորների թիվը հասել է 11-ի: Նրանք մոտակա հիվանդանոց են տեղափոխվել: Պայթյունից բացի տեղի է ունեցել փոխհրաձգություն, որը մոտ երկու ժամ է տևել: Դեպքի վայրում քննչական աշխատանքներ են ընթանում: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քրդական բանվորական կուսակցությունը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ահաբեկչության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը սկսելու համար Թուրքիայի իշխանությունները չեն սպասելու Ռամադան ամսվա ավարտին: «Պետությունից ուժեղ բան չկա: Նա, ով գտնում է, որ պայթյունների, զենքի և սպանությունների միջոցով կկարողանա ինչ-որ բան ստանալ Թուրքիայի իշխանություններից, չարաչար սխալվում է»,- ասել է Գյուլը:

Օրերս Թուրքիայի իշխող կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռամազանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը Թուրքիայի վարչապետի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին համարել է ոչ այլ ինչ, քան ցեղասպանության սպառնալիք: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով: Երկխոսությունը կարող է շանս դառնալ օրենսդրական փոփոխությունների ներմուծման համար»,-ասել է Կապլանը:

Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր: