Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրությունների ներքո` ի պատասխան Թուրքիայի նոր խորհրդարանի օրակարգից դրանց վավերացման հարցի հանմանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ստորագրությունը հետ կանչելու համար մի քանի լավ առիթ է եղել: Այս առիթից ավելի լավը չի լինելու: Եթե անգամ դրանից հետո Հայաստանը Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացում ակնկալի, ապա, կարծում եմ, Հայաստանի համար դա նվաստացուցիչ կլինի»,- հայտնել է Մանոյանը: Մանոյանի խոսքով, Թուրքիան կարող է ցանկացած պատճառներով բացատրել և արդարացնել խորհրդարանի օրակարգից Արձանագրությունները հետ կանչելու փաստը, սակայն ակնհայտ է, որ Թուրքիան դրանց վավերացման հարցում բոլորովին շահագրգռված չէ: Մանոյանի խոսքով, Թուրքիայի նման վարքը պետք է հայկական իշխանություններին հակի Արձանագրությունների ներքո իրենց ստորագրության հետ կանչմանը: Նա հիշեցրել է, որ երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցյալ տարի սառեցրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը, նա հայտնեց, որ «Հայաստանն առայժմ հետ չի կանչելու իր ստորագրությունն Արձանագրությունների ներքո»: «16 ամիսը «առայժմ»-ի համար բավական երկար ժամկետ է»,- նկատել է Մանոյանը:
Հայ դատի գրասենյակի ղեկավարն ավելացրել է, որ այդ Արձանագրությունների փոխարեն Հայաստանը պետք է նոր նախագիծ ներկայացնի և «սպասի, երբ Թուրքիայում նոր իշխանություն կձևավորվի, որը համաձայն կլինի առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:






